Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 2-ին Brent և WTI նավթի վաճառքի համաշխարհային գները հասան վերջին հինգ ու կես տարվա նվազագույնին: Bloomberg -ի գնահատականով` 2014-ին նավթը էժանացել է 46 տոկոսով, որ ամենամեծ գնանկումն է 2008-ի ճգնաժամից հետո: Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում Brent-ի խառնուրդի փետրվարյան պայմանագրերի ֆյուչերային գործարքների արժեքը հասել է 0,53 դոլարի, մինչև 56,8 դոլար մեկ բարելի համար: Ավելին՝ Լոնդոնում վաճառքի ընթացքում նավթի գինը իջել է մինչև 55,48 դոլար մեկ բարելի դիմաց: Դա ամենացածր գինն է 2009-ի մայիսից՝ հաղորդում է Forbes-ը: WTI մակնիշի նավթը Նյու Յորքի ապրանքային բորսայում հունվարի 2-ին 53,2 դոլար էր: Գնանկման պատճառը վերլուծաբանները համարում են նավթի հանույթի մեծացումն Իրաքում ու Ռուսաստանում, նաև՝ Եվրագոտում ու Չինաստանում վերամշակող արտադրության վատ տվյալները:
Financial Times-ը կանխատեսել է, որ այս տարվա առաջին կիսամյակում մեկ բարել նավթի գինը կարող է հասնել մինչև 50 դոլարի: Փորձագետները ուշադրություն են հրավիրում թերթաքարային նավթի արդյունաբերության սրընթաց զարգացման վրա, որը մեծացնում է շուկայում նավթի առաջարկը: Դեկտեմբերի վերջին ՕՊԵԿ-ի ներկայացուցիչները կանխատեսել էին, որ նավթի գինը կհավասարակշռվի 70 դոլարի միջակայքում 2015-ի վերջին: Որոշ փորձագետներ կարծում են, որ ի՞նչ կարժենա նավթը 2015-ին ու 2016-ին հարցի պատասխանը մեծապես կախված է համաշխարհային շուկայում առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունից, ՕՊԵԿ-ի և բանկերի վարքագծից: